Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»:
2
Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»:
3
Աբրամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»:
4
Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»:
5
Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»:
6
Աբրամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց:
7
Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:
8
Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»:
9
Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»:
10
Աբրամն առաւ այդ ամէնը, կտրեց մէջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց:
11
Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտուած մարմինների վրայ, բայց Աբրամը հսկում էր կտրտուած մարմինները:
12
Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը:
13
Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի,
14
բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ:
15
Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով:
16
Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»:
17
Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով:
18
Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,
19
նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները,